Նորություններ
Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարը Կոտայքի մարզում հետևել է զորահամալրման ընթացքին
25.09.2019
www.mil.am-ից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Կոտայքի մարզում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ:
Բարձր գնահատելով Հայաստանում անցկացվող աննախադեպ ծավալի զորավարժության դերը զորահավաքային ռեսուրսի առկա վիճակի գնահատման գործում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին արագ արձագանքելու և պետական կարևորագույն այս միջոցառմանը ներգրավվելու հարցում պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Պաշտպանության նախարարին ուղեկցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները: