Նորություններ
Լրահոս
Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրի զարգացման և վերակենդանացման ծրագիրը մեկնարկային փուլում է
04.09.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարբերաբար, աշխատանքային քննարկումներ ունենալով թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա ներդրողների հետ, որպես առաջնահերթություն նշում է, որ շատ կարևոր է ներդրումներն ուղղորդել նախևառաջ մարզի հեռավոր, բարձրլեռնային բնակավայրեր, որոնք կանգնած են դատարկվելու վտանգի առջև:
Այդպիսի բնակավայր է Սևաբերդը, որտեղ կա մեկ դպրոց, որում սովորում է ընդամենը 16 աշակերտ: Մարզպետը մտադիր է հետամուտ լինել, որպեսզի դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվի, իսկ մինչ այդ, արդեն սեպտեմբերի վերջին, շահագործման կհանձնվի ինֆորմատիկայի վերանորոգված դասասենյակը՝ հագեցած վերջին սերնդի համակարգիչներով:
Ինչ վերաբերում է Սևաբերդի զարգացմանն ուղղված նախագծին, ապա այն մեկնարկային փուլում է ու բաղկացած է երկու հիմնական ուղղություններից՝ էկոտուրիզմ, որը զարգացնելու նպատակով ներդրողը նախատեսում է կառուցել ժամանակակից հյուրատներ, վրանային ճամբարներ, զիփ լայն, և՝ գյուղատնտեսության զարգացում, որի շրջանակում կկառուցվեն ֆերմաներ, ձիերի ու ոչխարների բուծարաններ, սնկի արտադրամաս և այլն:
Այս ամենն, ուղղակիորեն, նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծվելուն, իսկ սևաբերդցին, այլևս ստիպված չի լինի հեռանալու իր բնակավայրից: