Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առիթով
01.09.2019
Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Խոսքս, նախևառաջ, ուզում եմ ուղղել առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին:
Սիրելինե՛րս, դուք մուտք եք գործում նոր հետաքրքրություններով ու բացահայտումներով լի կյանք, որը ձեզ համար բացելու է մինչ այս անծանոթ հորիզոններ:
Փորձե՛ք առավելագույնը օգտվել այս հնարավորությունից, սկսե՛ք ուսումնասիրել գիտությունը, գտե՛ք ձեր բնագավառն ու հմտացե՛ք դրանում:
Կլանե՛ք մանկավարժների՝ ձեզ փոխանցած ամեն մի խոսքը, միևնույն ժամանակ, մի՛ վախեցեք հարցեր տալուց ու սխալվելուց:
Հարգե՛ք ձեր մանկավարժներին, գնահատե՛ք նրանց միջավայրում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը:
Զբաղվե՛ք ինքնակրթությամբ ու շատ կարդացե՛ք:
Եղե՛ք նաև իսկական ընկեր ու դասընկեր, աջակցե՛ք ու սատարե՛ք իրար, բարձրացե՛ք ու բարձրացրե՛ք, որովհետև ուսումնական տարիները կարևոր են նաև մարդկային որակներ ձեռք բերելու ու հարաբերություններում որոշակի արժեհամակարգ ձևավորելու համար:
Առանձնակի շնորհավորում եմ նաև բոլոր մանկավարժներին, իսկ կենսաթոշակի անցնող մեր սիրելի վաստակաշատ մանկավարժներին շնորհակալություններս և հարգանքներիս հավաստիքը։
Շնորհավո՜ր սեպտեմբերի մեկ: