Նորություններ
Լրահոս
Մարզի դպրոցները նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան
26.08.2019

Մեկ շաբաթից հանրապետության կրթական հաստատություններում մեկնարկելու է նոր ուսումնական տարին:
Չնայած սեպտեմբերի 1-ը կիրակի է և ոչ աշխատանքային օր, սակայն մարզի բոլոր ուսումնական հաստատություններում տոնական միջոցառումներ կանցկացվեն և հավուր պատշաճի կնշվի Գիտելիքի, դպրության տոնը:
Այս մասին հայտնել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը:
Նա նաև նշել է, որ Կոտայքի մարզի դպրոցներում այս օրերին իրականացվում են նախապատրաստական բուռն աշխատանքներ:
Վարչության տվյալներով, մինչև օգոստոսի 28-ը իրականացվելու է դասագրքերի բաշխումը դպրոցներին, զուգահեռ կիրականացվի բաշխումը աշակերտներին:
Մարզի դպրոցներում ամռան ընթացքում մեկնարկած բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտված են, իսկ այն աշխատանքները, որոնք չեն խաթարի ուսումնական պրոցեսը, կավարտվեն սեպտեմբերի առաջին կեսին:
Նշենք, որ Հրազդանի թիվ 7 միջնակարգ (Կաքավաձոր թաղամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցների տարածքներում առաջիկայում բացվող նախակրթարանների վերանորոգման աշխատանքները ավարտական փուլում են, սեպտեմբերի առաջին տասնօրյակում կլուծվի նաև գույքի հարցը, որից հետո նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն:
Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:
Հիշեցնենք, որ մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված էր /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում: