Նորություններ
Լրահոս
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
17.08.2019
Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ժամանակակից Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերության տանող ուժն են եղել.
«Այսօրվա մեր համաժողովը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր:
Անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու, թե ի՞նչ հաջողություններ և ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում և ուզում ենք տեսնել, թե Կառավարությունը ինչո՞վ կարող է աջակցել և խթանել՝ այդ ծրագրերը դարձնելու ավելի հաջողված:
Մեր հավաքական աշխատանքի ամենամեծ ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող և իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով հնարավորինս շատ մարդկանց վարակելը»,-համաժողովի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում ընթանում է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:
Համաժողովը մեկնարկել է Հայկական օրհներգի ներքո, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ողջունելով հյուրերին և արդյունավետ աշխատանք մաղթելով՝ մարզպետը ներկաների ուշադրությանն է ներկայացրել մարզն իր յուրահատկություններով ու զարգացման հայեցակարգի առանձնահատկություններով.
«Այսօրվա համաժողովին կներկայացնենք 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ և շուրջ 25 ներդրումային ծրագրեր, որոնցից շատերը իրագործման փուլերում են գտնվում» ,- նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նշենք, որ համաժողովին զուգահեռ անց է կացվում տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես: