Նորություններ
Լրահոս
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովն ավարտվեց
17.08.2019
Ավարտվել է Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:
Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկած համաժողովը սկսվել էր Հայոց օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա հյուրերին է ներկայացրել Կոտայքի մարզն իր յուրահատկություններով և զարգացման հայեցակարգի առանձնահատկություններով:
Ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել էր, որ ժամանակակից Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել.
«Մեր հավաքական աշխատանքի ամենամեծ ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող և իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով հնարավորինս շատ մարդկանց վարակելը»,-համաժողովի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ելույթից հետո ներկայացվել են 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, որից հետո «Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով քննարկումներ են ծավալվել կլոր սեղանների շուրջ:
Համաժողովում ներկայացվել են նաև մարզի գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:
Նշենք, որ համաժողովին զուգահեռ անց է կացվել տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես:
Համաժողովն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության որդեգրած հիմնական առաջնահերթությունների մասով Կոտայքի մարզում զարգացումներ կան:
«Այդ ոլորտներն են գյուղատնտեսությունը (արդյունաբերական գյուղատնտեսությունը), զբոսաշրջությունը:
Այս համաժողովների նպատակն է առավելագույն թվով ՀՀ քաղաքացիների խթանել, խրախուսել, մղել, աջակցել տնտեսական գործունեության:
Սա էր մեր կարևոր ուղերձը»,-ամփոփիչ խոսքում ասել է ՀՀ վարչապետը: