Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
08.08.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանի շենքում տեղի է ունեցել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Նշված ծրագրի շրջանակում հայտարարված է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):
Ծրագրի ներկայացուցիչները մասնակիցներին մանրամասն ներկայացրին, թե ի՞նչ է իրենից ենթադրում ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրեցին դրանից բխող Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մասին:
Մասնակիցների կողմից հարցեր հնչեցին, քննարկում ծավալվեց, թե ո՞վ կարող է օգտվել ծրագրից և ինչպե՞ս պետք է դիմել՝ ստանալու դրամաշնորհները:
Հիշեցնենք, որ Նորարարության զարգազման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը:
Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի (բջջային կիրառական ծրագրերի և վեբ ծրագրերի մշակումից մինչև բիզնես գործընթացին առնչվող տարբեր հարցերի լուծում առաջարկող բարդ ծրագրային ապահովումների մշակմամբ, կամ բարդ ինժեներական լուծումներ տրամադրող) թիմերին, նորաստեղծ ընկերություններին և տեխնոլոգիաների ոլորտում մինչև 3 տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նորարարական պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման և զարգացման և/կամ դրանց շուկա դուրս բերմանը օժանդակելու համար:
Մարզային Համաֆինանսավորվող Դրամաշնորհային ծրագրի նպատակն է խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ մարզերում:
Դրամաշնորհի չափը կազմելու է 5․000․000 ՀՀ դրամից մինչև 25․000․000 ՀՀ դրամ:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 50%-ի, իսկ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով ֆինանսավորում կտրամադրվի պահանջներին համապատասխանող հայտատուի (թիմերի, նորաստեղծ ընկերությունների և գոյություն ունեցող ընկերությունների) կողմից հաշվարկված թույլատրելի ծախսերի համար, որոնք նախատեսվում են ծրագրի նպատակներին համապատասխանող՝ գոյություն ունեցող և/կամ նոր լուծումների, պրոդուկտի կամ ծառայության մշակման, իրացման և զարգացման համար։
Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 1 տարի: