Նորություններ
Լրահոս
Ակունքի Հատիս բնակավայրում խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
08.08.2019
Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի մի շարք համայնքներում այս պահին իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ:
Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները իրագործման ինտենսիվ փուլ են մտել:
Դրանցից մեկի՝ Ակունք համայնքի Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Ծրագրով Հատիս բնակավայրում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբարը (100խ/մ տարողությամբ), ինչպես նաև կառուցվում է խմելու ջրի ջրագիծ (1 կմ):
Հիշեցնենք, որ Հատիս բնակավայրում երկար տարիներ խմելու ջուրը խնդիր է եղել բնակչի համար, կարգավորիչ ջրամբարի բացակայության պատճառով ջուրը գյուղացուն հասել է որոշակի ժամով, իսկ ծրագրի իրականացման արդյունքում խնդիրն այս բնակավայրում վերջնականապես լուծվում է, ջրամատակարարումը դառնում շուրջօրյա:
Շահած պայմանագրի արժեքը 27.588.000 դրամ է, որից 19 311 600 դրամը (70%) պետական բյուջեի, 8. 276.400 դրամը (30%) ՝ համայնքի ֆինանսավորման չափն է:
Ի դեպ, ներկայում բնակավայրը խմելու ջուր ստանում է 25 կմ հեռավորության վրա գտնվող «Բեզագլու» ակունքից, որը գյուղ է հասնում հին, քայքայված ջրագծերով։ Ջուրը մղվում է ջրամբար պոմպերի միջոցով և չի բավականացնում բնակչությանը։
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ ծրագրի իրականացումը սոցիալական և տնտեսական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հատիսի, այլ նաև Կապուտան և Զովաշեն համայնքների համար (նշված բնակավայրերը նույնպես խմելու ջուր են ստանում նույն ակունքից):