Նորություններ
Լրահոս
Եվս մեկ աշխատանքային այց Չարենցավան համայնք
25.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր:
Մարզպետն ու փոխնախարարն այցելեցին «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ:
Մարզադահլիճի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով:
Մարզադահլիճն ամբողջովին պատրաստ է շահագործման, հարկավոր է միայն լուծել գույքի և կահավորման հարցը, ինչն էլ արդեն ընթացքում է:
Շուրջ 30 մլն դրամի հայտն արդեն ներկայացված է Կառավարություն:
Մարզադպրոցի բացումը նախատեսված է սեպտեմբեր ամսին:
Մարզպետն ու փոխնախարար Լոռեցյանն այցելեցին նաև անմիջապես մարզադպրոցի հարևանությամբ գտնվող «Քաղաքային» մարզադաշտ, որտեղ մարզվում է Չարենցավանի նորաբաց «Վան» ֆուտբոլային ակումբը, որի գործադիր տնօրենն ու մարզիչը Կարեն Բարսեղյանն է:
Այցի երկրորդ հատվածում Ռոմանոս Պետրոսյանն ու Գևորգ Լոռեցյանն այցելեցին Չարենցավանի բժշկական կենտրոն, որի՝ շուրջ 15 տարի շարունակ լքված մասնաշենքը հիմնանորոգվում է և նորովի կահավորելուց հետո, այդտեղ կտեղափոխվի քաղաքային պոլիկլինիկան՝ առանձնացված մանկական բաժանմունքներով:
Այս պահին այստեղ հարդարման վերջին աշխատանքներն են իրականացվում, բացումը նախատեսվում է սեպտեմբերին:
Մասնաշենքի հիմնանորոգման հարկաբաժնում կտեղակայվեն նաև թերապևտիկ մի շարք բաժանմունքներ:
Շենքը հիմնանորոգվում է բացառապես հիվանդանոցի բյուջեի խնայողությունների հաշվին:
Մարզպետի աշխատանքային այցերը շարունակվում են: