Նորություններ
Լրահոս
Մարզի համայնքները հրավիրում են միասին նշելու Վարդավառը
24.07.2019
Հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով նշվելու է Վարդավառի տոնը:
Այն մեծ շուքով նշվելու է նաև Կոտայքի մարզի մի շարք համայնքներում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 վայր, ուր կարելի է այցելել Վարդավառի օրը և նշել այն՝ Գառնի, Գեղարդ, Լեռնանիստ, Արզական, Բջնի, Նոր Գեղի և Ծաղկաձոր :
Այս համայնքներում Վարդավառի տոնը նշվելու է ամենատարբեր միջոցառումներով հագեցած:
Լեռնանիստում Վարդավառի հանրային միջոցառումը տեղի է ունենալու ժամը 10:00-ին Սուրբ Ավազան (Հակոբ) եկեղեցու բակում , որտեղ գտնվում է Ավազանի անսպառ ու բուժիչ աղբյուրը։ Տոնակատարությունը նշվելու է երգ ու պարով և հայկական ավանդույթներով։
Բջնիի Սուրբ Մ.Աստվածածին եկեղեցում, ինչպես նաև Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում պատարագ է մատուցվելու. Բջնիում՝ գետի տարածքում էլ շարունակվելու է ժողովրդական տոնախմբությունը:
Նույնը նաև Ծաղկաձորում:
Արզական և Նոր Գեղի համայնքները ևս ավանդական ջրոցիով են նշելու տոնը: Նոր Գեղիում նաև ճանաչողական միջոցառում է նախատեսված, որի ընթացքում պատմություններ կներկայացվեն վարդավառի մասին:
Իսկ արդեն Գառնի և Գեղարդ համայնքներում Վարդավառը նշվելու է մեծ շուքով:
Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների անցկացման տարեկան ծրագրի շրջանակներում հուլիսի 28-ին Գառնու տաճարի տարածքում «Վարդավառ» փառատոնի շրջանակներում մարզպետարանի կողմից կիրականացվի ազգային-ավանդական ուտեստների ցուցադրություն-հյուրասիրություն՝ համեմված ազգային երգ ու պարով, ազգային խաղերով և այլն:
Զուգահեռ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ կողմից կիրականացվեն ավանդական դարձած միջոցառումներ:
Եվ այսպես, ժամը 11:00-13:00-ը Գեղարդավանքում կանցկացվի պատարագ, կմատուցվի օրհնության կարգ, որին զուգահեռ ժամը 12:00-13:30-ը Գառնու տաճարի տարածքում «Արևորդիներ» կազմակերպությունը հեթանոսական ավանդույթների համաձայն տոնակատարություն կանցկացնի:
Քանի որ այդ օրը Քրիստոնեական եկեղեցին նշում է նաև Քրիստոսի պայծառակերպության տոնը, «Վարդավառ» փառատոնի շրջանակներում տոնի ավանդական արարողություն կլինի՝ ջրոցի, ազգային խաղեր, երգ ու պար, խաչբուռի պատրաստություն և այլն:
Դե ուրեմն, բոլորին հրավիրում ենք Կոտայք՝ միասին նշելու Վարդավառը: