Նորություններ
Լրահոս
Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում վերանորոգվում են դասասենյակներ և սանհանգույց
19.07.2019
Կոտայքի մարզի Աբովյանի N 5 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը հայտնեց, որ 2019-2020 ուսումնական տարում աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերն ավելացնելու խնդրանքով:
Նախարարի համապատասխան հրամանի արդյունքում ավելացել են դպրոցի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերը և դրանով էլ պայմանավորված՝ դպրոցը հայտարարել է մրցույթ 3 դասասենյակների և մեկ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
Շահած մրցույթով այս պահին իրականացվում է երկու դասասենյակների և մեկ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ:
Տնօրենի խոսքով, դպրոցը պատրաստվում է ևս մեկ մրցույթ հայտարարել օգոստոսին՝ երրորդ դասասենյակը ևս վերանորոգելու նպատակով:
Աշխատանքներն իրականացվում են դպրոցի բյուջեի հաշվին:
Նշված աշխատանքներին զուգահեռ դպրոցում բարեկարգվում են նաև այլ դասասենյակներ՝ նոր ուսումնական տարում աշակերտների համար ավելի բարեկարգ և մաքուր միջավայր ապահովելու նպատակով: