Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շարունակում է քննարկումները մարզի ծխացող աղբավայրերի լիկվիդացման ուղղությամբ

11.07.2019

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աղբի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներ առաջարկող հոլանդական «Dordtech» ընկերության և ընկերության հայաստանյան գործընկեր հանդիսացող «ԱՄ-Էսկա» անվադողերի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ մարզպետը կողմերին ներկայացրել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագիծը՝ որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:

Նախագծով ծրագրված է նաև Կոտայքի մարզի Աբովյան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն վարկային միջոց է, 5,5 միլիոնը՝ դրամաշնորհ:

Նոր աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ի հոկտեմբերից, տևելու է 1,5 տարի:

Մինչ նոր, միասնական աղբավայրի կառուցումը, սակայն, մարզպետը շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր ընկերությունների հետ ու լսել նրանց առաջարկները՝ կապված մարզի 3 ծխացող աղբավայրերի լիկվիդացման հետ:

Հանդիպման ընթացքում մարզպետը «Dordtech» ընկերության գլխավոր տնօրեն Կառլ Դիռքեսի հետ քննարկել է ծխացող աղբավայրերի լիկվիդացման բոլոր հնարավոր տարբերակներն ու հնարավորությունները, լսել գործընկերոջ դիտարկումներն ու առաջարկները:

Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է մասնավորապես Աբովյանի ծխացող աղբավայրին, առաջարկել այցելել աղբավայրի տարածք ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել արդեն սեպտեմբեր ամսին, երբ հոլանդական ընկերությունն ավարտած կլինի աղբավայրերում իր ուսումնասիրություններն ու կունենա իր առաջարկած լուծման ամբողջական փաթեթը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22