Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Հրազդանում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին
28.06.2019
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը և Հրազդանի Զբաղվածության տարածքային կենտրոնը այսօր մարզկենտրոն Հրազդանում կազմակերպել էին հերթական աշխատանքի տոնավաճառը:
Տոնավաճառի ընթացքին հետևել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ներկա էին Զբաղվածության Հրազդանի տարածքային կենտրոնի պետ Հարություն Խաչատրյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտը կագավորող բաժնի ներակայացուցիչները:
Ներկայացված էին 32 տաղավարներ: Հրազդանի տարածաշրջանի գործատուները, ինչպես նաև գործատուներ Չարենցավանից և Աբովյանից հնարավորություն ունեցան տեղում ներկայացնելու առաջարկվող աշխատատեղը, իսկ աշխատանք փնտրողները՝ տեղում ծանոթանալու առկա աշխատատեղերի հետ: Սա էր տոնավաճառի հիմնական նպատակը:
Մարզպետը շրջել է բոլոր տաղավարներով, ծանոթացել գործատուների, առաջարկվող աշխատանքի, գործունեության ոլորտների և շրջանառության հետ: Նա կարևորել է աշխատանքի տոնավաճառները՝ համարելով դրանք մի հարթակ, որտեղ անմիջականորեն հանդիպում են գործատուն և աշխատանք փնտրողը.
«170 աշխատատեղ է այսօր առաջարկում աշխատանքի տոնավաճառը: Ես ինքս էլ հայտնաբերեցի բազմաթիվ աշխատատեղեր, որոնք, կարծում եմ, համալրված պիտի լինեին:
Սա մի կարևոր հարթակ է, որտեղ համապատասխան գործակալության ջանքերով մեկտեղվում են պոտենցիալ գործատուն և աշխատանք փնտրողը, քննարկումներ անում:
Կարևոր է նաև, որ աշխատանք փնտրողի հետ հանդիպելիս օգտագործվում են բոլոր ռեսուրսները, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում պետական աջակցության տարբեր ծրագրերով փորձ արվի օգտակար լինելու»:
Աշխատանքի տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը: Նա նշել է, որ տոնավաճառներից հետո հետադարձ կապը պահպանվում է
«Մեր աշխատանքն այսքանով չի ասհմանափակվում: Մենք հետաքրքրվում ենք, թե որքան մարդ է եկել, հետաքրքրվել, քանիսն են դիմել, քանիսին ենք տեղավորել, քանիսի հետ է պայմանագիր կնքվել»:
Աշխատանքի տոնավաճառում այսօր առաջարկվել են ամենատարբեր աշխատանքներ: Պահանջվող մասնագետներն են՝ մատուցողներ, խոհարարներ, գործավարներ, ադմինիստրատորներ, հացթուխներ, մաքրուհիներ, դեղագործներ, պահանջվում էր նաև համակարգչային օպերատոր: Առաջարկվող ոլորտներն էին՝ ադամանդագործություն, շինարարություն, գորգագործություն, դեղագործություն, հյուրանոցային գործ և այլն:
Առաջարկվող աշխատանքների ցանկին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Հրազդանի Զբաղվածության տարածքային կենտրոն: