Նորություններ
Լրահոս
Gastronomic Camp Armenia ծրագիրը հաջողությամբ ավարտել է Կոտայքի մարզում
24.06.2019
Ավարտել է օրեր առաջ Կոտայքի մարզում մեկնարկած Gastronomic Camp Armenia ծրագիրը:
Ծրագրի հյուրերն օրեր առաջ ժամանել են Հայաստան, այցելել Կոտայքի մարզի գյուղեր, ծանոթացել հայկական կերակուրներին, մթերքին եւ ավանդույթներին։
Այս արտագնա միջոցառումն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում. ծրագրի իրականացման էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը: Հունիսի 19-22-ը արտասահմանցի հյուրերը տեղի մասնագետների հետ ուսումնասիրել են հայկական մթերքը եւ փորձել ստեղծել Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը։
Ծրագրի առաջին փուլում՝ հունիսի 19-ին եւ 20-ին, խոհարարների թիմը շրջել է Կոտայքի գյուղերով, այցելել արտադրողներին, անձամբ ծանոթացել ֆերմերների հետ: Փորձել են հայկական տարբեր ուտեստներ, հետաքրքրվել դրանց պատրաստման ձեւերով։
Gastronomic Camp Armenia-ի վերջին երկու օրերին Կոտայքի մարզի Best Resort Aghveran Hotel-ում իրականացվել է կրթական ու ժամանցային մաս՝ մասնագետների եւ բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել։
Փորձագետների դասընթացներին մասնակցելու համար եկել են Հայաստանի տարբեր կրթահամալիրների խոհանոցային գործ սովորող երիտասարդները: