Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը
18.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, աշխատանքային այցով այսօր Ողջաբերդ համայնքում էր:
Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:
Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը:
Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:
«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը:
Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:
Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:
-------------------------
Կոտայքի մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գառնի համայնքում էր: Այստեղ մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: