Նորություններ
Լրահոս
Վերանորոգվում են Գետարգելի հիմնական դպրոցի առաջին հարկի հատակն ու սանհանգույցը
17.06.2019
Կոտայքի մարզի Գետարգելի հիմնական դպրոցում հունիսի 1-ից մեկնարկած շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Դա հնարավոր է դարձել դպրոցի կառավարման խորհրդի և Կոտայքի մարզպետի գործուն աջակցության արդյունքում:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.08.2006 թվականի N 1262 -Ն որոշումը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից կատարվել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում վերաբաշխում, ըստ որի 2 000 000 (երկու միլիոն) դրամ հատկացվել է Կոտայքի մարզի Գետարգելի հիմնական դպրոցին շենքի առաջին հարկում (շուրջ 200 ք/մ տարածք) շինարարական աշխատանքներ սկսելու և նոր ուսումնական տարին բարեկարգ լսարաններով հանրակրթություն իրականացնելու համար:
Մեկնարկած աշխատանքների արդյունքում ամբողջովին փոխվում է դպրոցի առաջին հարկի 5 դասասենյակների, միջանցքի հատակը և վերանորոգվում է սանհանգույցը:
Նշենք, որ Գետարգելի հիմնական դպրոցը հիմնադրվել է 1950 թվականին. երկար տարիներ դպրոցում բացակայում էին հանրակրթություն իրականացնելու համար նվազագույն պայմանները:
Դպրոցի տնօրենը հայտնեց, որ աշխատանքներն ինտենսիվ փուլ են մտել և կանեն հնարավորը դրանք ժամանակին ավարտելու համար: