Նորություններ
Լրահոս
Ղազախստանի դեսպանությունը նախատեսում է Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերում հիմնել հյուպատոսություններ
11.06.2019
Ղազախստանի դեսպանությունը նախատեսում է Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերում հիմնել հյուպատոսություններ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Պատգամավորը հայտնել է, որ այս մասին քննարկվել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ հանդիպման ընթացքում:
Պարոն Ուրազաեւը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունն՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Արտակարգ եւ լիազոր դեսպանը ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից՝ շնորհակալություն հայտնելով ընտրություններին մասնակցող, Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդումն անչափ կարեւոր է, եւ այդ գործընթացում մեծ է միջխորհրդարանական դիվանագիտության դերը։