Նորություններ
Լրահոս
Մարզային խնդիրները մարզպետարանի ուշադրության կենտրոնում են
30.05.2019
Կոտայքի մարզի հանրապետական նշանակության Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական ավտոճանապարհի Նոր Գեղի-Արգել հատվածում վերջերս սկսվել էին փոսալցման աշխատանքներ, ճանապարհահատվածում քանդման աշխատանքները կատարվել էին, սակայն տևական ժամանակ է ճանապարհաշինական աշխատանքները կիսատ են, ինչն էլ հարուցել է մարզի բնակիչների և հատկապես վարորդների արդարացի դժգոհությունը:
Ականջալուր լինելով մեր քաղաքացիների դժգոհություններին՝ մարզպետարանը հարցի կարգավորման նպատակով դիմել է ճանապարհատվածի շինարարությունն իրականացնող «Նաիրի» Ճանապարհաշինական ընկերությանը, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն:
Նշված ճանապարհահատվածի սպասարկումն ու պահպանությունը կազմակերպվում է Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, սակայն, «Նաիրի» ՃՇՇ-֊ի կողմից Զովունիում իրականացված անորակ աշխատանքների հետևանքով վերջինիս հետ պայմանագրի խզման գործընթաց է իրականացվում այս պահին, որից հետո անմիջապես նոր և բարեխիղճ ընկերություն կներգրավվի և կիրականացնի այդ աշխատանքները թե՛ Զովունիում, և թե՛ Նոր Գեղի-Արգել հատվածում։
Հավաստիացնում ենք, որ մեր քաղաքացիների օբյեկտիվ ցանկացած դժգոհություն Կոտայքի մարզպետարանի և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրության կենտրոնում է, և մարզպետարանը անում է հնարավորը բարձրաձայնված հարցերը խորազնին ուսումնասիրելու և նաև լուծելու ուղղությամբ:
Այս պահին նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում հարցը կարգավորելու ուղղությամբ. կարծում ենք առավելագույնը առաջիկա 2-3 օրերին աշխատանքները կվերամեկնարկեն այդ հատվածում։