Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Նոր Երզնկա համայնքում մասնակցել է նոր ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը
24.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցել է Նոր Երզնկա համայնք մտնող 3 կմ ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը: Այն անկախացումից ի վեր չէր նորոգվել:
Ճանապարհահատվածի կառուցումը իրականացվել է Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո, Սամվել և Վիկտոր Ստեփանյանների ներդրումների արդյունքում:
Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Դ.Քարտաշյանը, Սերգո, Սամվել և Վիկտոր Ստեփանյանները, Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը:
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ որպես պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության փայլուն օրինակ՝ նշելով, որ նաև նմանօրինակ նախաձեռնություններն են էապես ազդում կյանքի որակի փոփոխությանը մեր համայնքներում:
Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.:
Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ: 2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով: