Նորություններ
Լրահոս
Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
23.05.2019
ՀՀ-ում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափը ստանալու կենդանի պատվաստանյութով:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է բերանակղանքային, ինչպես նաև օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) ճանապարհներով։ Գաղտնի շրջանը միջինը 9-ից 14 օր է, կարող է տևել մինչև 28 օր, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարմամբ։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջնային եղջյուրներում և, ախտահարելով նյարդային համակարգը, առաջացնում է կայուն հաշմանդամություն:
Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է:
Պատվաստվե'ք և կանխարգելե'ք պոլիոմիելիտը:
Ավելին՝ http://www.moh.am/#1/1427