Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը և մարզային փրկարարական վարչության պետը պատվոգրեր են հանձնել յոթ դպրոցականների
16.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն այսօր պատվոգրեր և հուշանվերներ են հանձնել Սոլակի, Քաղսիի և Բալահովիտի միջնակարգ դպրոցների 7 աշակերտների, ովքեր դպրոցներում անցկացված մրցույթներով պատանի հրշեջ փրկարարների հավաքական թիմ են ստեղծել, որի կազմում մասնակցել են վերջերս անցկացված պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մրցույթին և զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը:
Մրցույթը միջազգային է և ամեն տարի անցկացվում է Բելոռուս, Սոչի քաղաքներում:
Այս տարի առաջին անգամ Կոտայքի մարզի հավաքական թիմը մրցանակային տեղ զբաղեցրեց:
Ողջունելով հանրապետական փուլում երրորդ տեղ զբաղեցրած աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին և կարևորելով արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքների սերմանումը դպրոցական վաղ տարիքից՝ մարզպետն ասել է.
«Եթե պատանի հրշեջ-փրկարարի գաղափարի մեջ ձեզ արդեն դրսևորել եք, ուրեմն ճիշտ քաղաքացիներ դառնալու ճանապարհն եք ընտրել: Ես ուրախ եմ, որ մեր աշակերտները հնարավորություն ունեն վաղ տարիքից ձեռք բերել հմտություններ, կարողություններ և դրանք ճիշտ կիրառել արտակարգ իրավիճակներում՝ օգնելով նաև մյուսներին»:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն էլ հայտնել է, որ մրցույթը կամավորական շարժման ձևերից մեկն է: Նրա խոսքով, այս մրցույթը պատանիների մեջ պետական մտածելակերպն է զարգացնում, նպաստում նրանց ֆիզիկական և հոգեբանական դաստիարակությանը, ձևավորում պատասխանատվություն:
Մարզպետի և մարզային փրկարարական վարչության պետի կողմից պատվոգրեր տրվեցին նաև Սոլակ, Քաղսի և Բալահովիտ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ հանրապետական մրցույթի թիմային մրցակարգում երրորդ տեղը զբաղեցնելու համար: