Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Բալահովիտի միջնակարգ և Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցներում էր
15.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Բալահովիտ համայնքի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ հանդիսավոր պայմաններում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Մինչ դա, սակայն, մարզպետը մասնակցել է դպրոցի նոր ցանկապատի բացման արարողությանը:
Դպրոցի տարածքը երկար տարիներ առանց ցանկապատի է եղել: Միայն վերջերս դպրոցի բյուջեի հատկացումներով տարածքը պարսպապատվել է և առանձնացվել:
Հաջորդիվ լաբորատորիայի բացման արարողությունն էր, որին ներկա էր նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:
Դիմելով աշակերտներին և կարևորելով ինժեներական կրթությունը որպես տեխնոլոգիական երկիր կառուցելու ճանապարհին չափազանց կարևոր քայլ՝ մարզպետը նշել է, որ «Արմաթ» լաբորատորիան Բալահովիտի դպրոցի այցեքարտն է դառնալու. նա նաև ընդգծել է, որ ինժեներական կրթություն ստացող աշակերտի ապագան երաշխավորված և ապահովված է:
Մարզպետը շրջել է նաև դպրոցի տաք սննդի սենյակում և մարզադահլիճում, որի հատակը վերջերս էր փոխվել:
-------------------------------
Ռոմանոս Պետրոսյանի հաջորդ կանգառը Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցում էր: Այստեղ մարզպետը շրջել է դասասենյակներում, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ, ծանոթացել խնդիրներին ու ծրագրերին:
Մարզպետը ներկա է գտնվել նաև Հովհ.Թումանյանի 150 ամյակին նվիրված համադպրոցական միջոցառմանը: Նա միջոցառման մասնակիցներին ու դպրոցի անձնակազմին շնորհավորել է Ընտանիքի օրվա կապակցությամբ: