Նորություններ
Լրահոս
Հայտնի են ասմունքի և հեքիաթասացության մարզային մրցույթ-փառատոնի հաղթողները
03.05.2019
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մշակույթի տանը կայացավ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ասմունքի և հեքիաթասացության Կոտայքի մարզային մանկապատանեկան մրցույթ- փառատոնի եզրափակիչ փուլը:
Փառատոնը կազմակերպվել էր Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում:
Այն անց է կացվել երեք փուլերով՝ ներդպրոցական /ներքոլեջային/, տարածքային և մարզային:
Մրցույթին մասնակցել են մարզի բոլոր դպրոցները և հանրակրթական ծրագրեր իրականացնող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:
Մրցույթի մարզային փուլ են երաշխավորվել տարածքային փուլերի 308 մասնակիցներից 61-ը /36ասմունքող, 25 հեքիաթասաց/:
Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլի գնահատող հանձնախմբի /ժյուրի/ կազմում ընդգրկվել են հանրապետությունում և մարզում ճանաչված մշակութային գործիչներ:
«Ասմունք» անվանակարգում սահմանվել են 13, իսկ «Հեքիաթասացություն» անվանակարգում` 9 մրցանակներ:
«Ասմունք» անվանակարգում Գլխավոր մրցանակի /Գրան-պրիի/ և Կոտայքի մարզպետի պատվոգրի են արժանացել Մարինե Պետոյանը / Պռոշյանի միջնակարգ դպրոց /, իսկ «Հեքիաթասացություն» անվանակարգում` Ալվարդ Մկրտչյանը / Եղվարդի N2 հիմնական դպրոց/:
Մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցները պարգևատրվել են Ամենայն Հայոց բանաստեղծի մասին գրքերով: