Նորություններ
Լրահոս
Մարզի համայնքներն ուշադրության կենտրոնում են
26.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Նոր Հաճն, Նոր Արտամետ և Մրգաշեն համայնքներում էր:
Այցի շրջանակներում Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություններ է անցկացրել բոլոր երեք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, մարզային և համայնքային ենթակայության ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների տնօրենների և համայնքային ծառայողների հետ:
Մարզպետն անդրադարձել է մարզային և համայնքային նշանակության մի շարք կարևորագույն հարցերի, մասնավորապես սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ընթացքին, որոնք նախանշված են մարզի այս տարածաշրջանի համար:
Այս տարվա սուբվենցիաներով համաֆինանսավորվելու համար նշված համայնքներից ընտրվել են մի շարք հայտեր: Մարզպետի դիտարկմամբ, դրանց հաստատման պարագայում հնարավոր կլինի համայնքային նշանակության մի շարք խնդիրներ լիարժեքորեն լուծել, իսկ այս տարի առավելագույն թվով հայտեր (ավելի քան 70 հայտ) ներկայացնելը խոսում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված փոխգործակցության մասին:
Համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հետ հանդիպմանը մարզպետը խոսել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդների մասին՝ հորդորելով այդ գործընթացները կազմակերպելիս առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով:
Նոր Հաճնում աշխատանքային խորհրդակցությունից հետո մարզպետն այցելել է նաև համայնքի մշակույթի տուն, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին, իսկ Նոր Արտամետ և Մրգաշեն համայնքներում այցելել է միջնակարգ դպրոցներ և Մրգաշենի մանկապարտեզ: Մրգաշենի դպրոցում շրջել է տաք սննդի համար նախատեսված սենյակում, մարզադահլիճում, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով:
Նոր Արտամետի դպրոցի հետ կապված՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան նոր դպրոց ունենալու համար, իսկ ներկայիս դպրոցի շենքը ծառայեցնել որպես համայնքային մանկապարտեզ:
Այցի շրջանակներում մարզպետը ևս մեկ անգամ կարևորել է մարզի համայնքներն ուշադրության կենտրոնում պահելը և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկումները նաև ավագանու անդամների մասնակցությամբ՝ այս համատեքստում ընդգծելով հատկապես ավագանու ինստիտուտի՝ որպես վերահսկող մարմնի կայացման անհրաժեշտությունը։ Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Կոտայքում տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված ձևաչափով համագործակցությունը ամենակարճ ժամկետներում։ հանգեցնելու է կյանքի որակի էական փոփոխությանը: