Նորություններ
Լրահոս
Ջրաբերի վարչական տարածքում սնկի կոմպոստի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ հանրային լսումները շարունակվում են
18.04.2019
Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Ջրաբեր գյուղի վարչական ղեկավարի նստավայրում ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի կողմից Ջրաբեր գյուղի վարչական տարածքում սնկի կոմպոստի արտադրության գործարան կառուցելու աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Բյուրեղավանի համայնքապետարանից, «Առողջ Սունկ»-ից, «Էկոբարիք-աուդիտ» ընկերության փորձագետներ և գյուղի բնակիչներ:
«Էկոբարիք-աուդիտ» ընկերության փորձագետ պարոն Գալոյանը խոսել է վերոհիշյալ հայտի փորձաքննական գործընթացից, որը նախատեսում է երկու փուլ՝ նախնական և հիմնական: Գործընթացն այս պահին գտնվում է նախնական փուլում, որն ավարտելուց հետո բնապահպանության նախարարության կողմից կտրվի տեխնիկական առաջարկ, որի հիման վրա կանցնեն հաջորդ՝ հիմնական փուլին:
«Առողջ Սունկ» ՍՊԸ հիմնադիր Արեգ Ազոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է, թե ինչ տեխնոլոգիաներով պետք է կառուցվի և աշխատի կոմպոստի նոր արտադրամասը: Ըստ բանախոսի՝ բացառվելու է տհաճ հոտի տարածումը, աշխատելու են օրգանական նյութերով, մեծանալու են արտադրության ծավալները, բացվելու են նոր աշխատատեղեր, Ջրաբերում իրականացվելու են տարբեր սոցիալական ծրագրեր:
Այս թեմայով կարդացեք նաև՝
http://kotayk.mtad.am/news/item/2019/04/01/aroxjsunk1/
http://kotayk.mtad.am/news/item/2019/03/29/sunk1/