Նորություններ
Լրահոս
Մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհուրդը երկօրյա ֆորում էր կազմակերպել
08.04.2019
Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհուրդը ապրիլի 6-7-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կազմակերպել էր «Սոցիալական ներգրավվածությունը մարզում, կապը վաղվա հետ» խորագրով երկօրյա ֆորում Հայաստանի երիտասարդական և սոցիալական աշխատողների համար:
Սա Երիտասարդական Խորհրդի կողմից մարզի երիտասարդական կյանքի բարելավմանը միտված առաջին գործնական քայլն էր:
Ֆորումին մասնակցում էին 24 երիտասարդներ մարզի տարբեր համայնքներից:
Դասընթացավարները «Եղվարդ» Երիտասարդական, Բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն էին:
Երիտասարդական խորհրդի քարտուղար Գևորգ Պետրոսյանը և խորհրդի անդամ Արգիշտի Մովսիսյանը հայտնեցին, որ ֆորումի հիմնական նպատակը մասնակիցներին նոր գիտելիքներով զինելն էր, մարդու սոցիալական իրավունքների վերաբերյալ նրանց իրազեկվածությունը բարձրացնելը:
Մասնակիցներն արդեն պատրաստ են իրենց համայնքներում փոքրիկ սեմինարներ կազմակերպել և տեղում կիրառել ստացած գիտելիքները:
Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, իսկ ընտրված երիտասարդների մասնակցությունը հնարավոր է դարձել համայնքների ղեկավարների հետ փոխգործակցության արդյունքում:
Երիտասարդական Խորհրդի կողմից հրավիրված են եղել հատուկ հյուրեր՝ «Հայ-ռուսական երիտասարդական միություն» ՀԿ նախագահ Ռաֆայել Պողոսյանն ու փոխնախագահ Էդուարդ Խաչատուրյանը, ինչպես նաև ՌԴ Արդարադատության նախարարության մագիստրոս Արամ Հունանյանը: Նրանք կոչ են արել երիտասարդներին ակտիվ լինել: Նոր գաղափարների շուրջ համագործակցելու նպատակով տեղում առաջարկներ են հնչել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենամոտ ժամանակներում տարբեր ծրագրերով Կոտայքի մարզում համագործակցելու ուղղությամբ:
Ֆորումի ավարտին մասնակիցները Երիտասարդական Խորհրդի կողմից ստացել են մասնակցության վկայականներ: