Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Մեղրաձոր խոշորացված համայնքում էր
05.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային շրջայց կատարեց Մեղրաձոր խոշորացված համայնքում:
Մարզպետը համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Արտավազ վարչական շրջանի մանկապարտեզ, շրջել շենքի տարածքում, ծանոթացել պայմաններին:
Արտավազ գյուղը երկար տարիներ մանկապարտեզ չի ունեցել: 2014 թվականին համայնքի բյուջեի միջոցներով և «Սոս» Հիմանդրամի հատկացումներով գյուղում մանկապարտեզ է կառուցվել, սակայն չի գործել: Հետագայում ձեռք է բերվել նաև գույքը, իսկ վերջերս Մեղրաձոր համայնքի բյուջեի հատկացումներով ձեռք է բերվել նաև ներքին կահավորանքի և հարդարանքի համար անհրաժեշտ պարագաները:
Մայիսի 1-ին բացվող մանկապարտեզում առայժմ գործելու է 1 խումբ՝ 30 սանով՝ Արտավազ և Փյունիկ բնակավայրերից:
Մարզպետը կարևորել է մանկապարտեզի առկայությունը՝ որպես նախադպրոցական կրթության ապահովման տեսանկյունից ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման փաստ:
Հաջորդ կանգառը «Մարմարիկի ջրամբար»ի տարածքում էր: Մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի ներկայիս տարողունակությամբ և ծավալներով («Մարմարիկի ջրամբար»ն ունի 24 մլն.խմ տարողունակություն և 23 մետր բարձրություն. այս պահին կուտակված պաշարները մոտ 7 մլն. խմ են):
Հանքավանի վարչական ղեկավարը մարզպետին ներկայացրել է բնակավայրի խնդիրները. դրանց մի մասի վերաբերյալ կարճաժամկետ պլանում լուծումներ է առաջարկվել:
Գյուղացիներին անհանգստացնում էր գազաֆիկացման և աշակերտերին դպրոց ճանապարհելու նպատակով տրանսպորտի տրամադրման խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ համապատասխան մարմինների հետ քննարկումներն ավելի ինտենսիվ փուլ կմտնեն ու դրանց լուծումներն ամենամոտ ժամանակահատվածում իրատեսական են:
Վարչական շրջաններում շրջայց կատարելուց հետո Մեղրաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետը ծանոթացել է 2018 թվականի ընթացքում հաստատված սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին և անդրադարձել նաև 2019 թվականին կառավարություն ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտերին:
Ընդգծվել է, որ ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում ամենամոտ ժամանակներում հնարավոր կլինի վերանորոգել Արտավազի և Աղավնաձորի դպրոցների սանհանգույցները, ինչպես նաև Փյունիկի դպրոցի տանիքը:
Կարևորվել է նաև Աղավնաձորի մանկապարտեզի հիմնանորոգումը, որը կիրականացվի 2019 թվականին կառավարություն ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտի հաստատման դեպքում:
Այցի կոնտեքստում մարզպետի կողմից կարևորվել է մարզի համայնքներն ուշադրության կենտրոնում պահելը և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկումները՝ հատկապես գյուղական բնակավայրերում կյանքի որակը ժամ առաջ բարելավելու նպատակով: