Նորություններ
Լրահոս
Մարզի մեկ տասնյակից ավելի դպրոցներում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ
25.03.2019
Կոտայքի մարզպետարանը մարզային ենթակայության 12 դպրոցներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համատեղ առաջիկայում կհիմնեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
Այս նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Կոտայքի մարզի համակարգող Արմեն Մխոյանի, մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ներկայացուցիչների և ծրագրով ընդգրկված 12 դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Եվս մեկ անգամ ընդգծելով նախագծի կարևորությունը և ողջունելով ծրագրի իրականացման գործում դպրոցների տնօրենների պատրաստակամությունը՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հայտնեց, որ «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը մարզի դպրոցներում ևս մեկ քայլ է կրթական ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Կոտայքի մարզի համակարգող Արմեն Մխոյանը դպրոցների ղեկավարներին ներկայացրեց ծրագիրը և իրականացման փուլերը: Նա կարևորեց ինժեներական կրթության ուսուցանումը հանրակրթական դպրոցներում՝ հետագայում ձեռնարկատիրական գործունեության մշակման գործում արդեն պատրաստի մասնագետներ ներգրավելու տեսանկյունից:
Դպրոցների տնօրենները հայտնեցին, որ պատրաստ են ծրագիրն իրագործել ամենակարճ ժամկետներում:
Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Կոտայքի մարզի 7 դպրոցներում (6-ը մարզային ենթակայության) արդեն գործում են «Արմաթ» լաբորատորիաներ:
Այս փուլում մարզի 11 դպրոցներում նախատեսվում է լաբորատորիաների հիմնում, ևս մեկում՝ համապատասխան գործիքակազմով համալրում: