Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին
22.03.2019
Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և Կոտայքի մարզը Էտալոնային դարձնելու ճանապարհին շատ կարևոր է յուրաքանչյուրիս քայլը՝ քաղաքը, գյուղը, բակը բարեկարգելու չափազանց կարևոր գործում:
Մարտի 23-ին ակնկալում ենք մեր բոլոր համաքաղաքացիների միասնական աշխատանքը՝ հանուն ավելի բարեկարգ և մաքուր Կոտայքի:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մարզում կմաքրվեն հանգստի գոտիները, պատմամշակութային կոթողների և հուշարձանների տարածքները, ճանապարհամերձ գոտիները, խաղահրապարակները և հանրային ու մասնավոր նշանակության այլ տարածքներ:
Ներկայացնում ենք մի շարք համայնքներում իրականացվելիք աշխատանքները, որպեսզի ցանկության դեպքում քաղաքացիները տեղեկացված լինեն, թե որտեղ և ինչպես կարելի է ներգրավվել այս աշխատանքներում:
• Բյուրեղավան համայնքում կմաքրվեն քաղաքային զբոսայգին, նոր կառուցվող Ս.Մարիամ եկեղեցու հարակից տարածքը.
• Չարենցավան համայնքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Գործարանային փողոց հասցեում:Համապետական շաբաթօրյակի շրջանակներում կհավաքվեն և տարածքից կհեռացվեն նաև մեքենաների կուտակված թափքերը,
• Ակունք խոշորացված համայնքում կմաքրվի Պողոս-Պետրոս եկեղեցի տանող ճանապարհի աջակողմյան հատվածը:
• Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում կմաքրվեն ու կբարեկարգվեն ամբուլատորիայի, համայնքապետարանի, մանկապարտեզի հարակից տարածքները:
• Մի շարք համայնքներում կիրականացվեն պատմական հուշարձանների տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ և այլն:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում կոտայքցիներին՝ միանալու համընդհանուր շաբաթօրյակին և ներդրում ունենալ այս պատասխանատու գործում:
Միասին մեր մարզը կդարձնենք ավելի մաքուր, բարեկարգ, Էտալոնային:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգելու նպատակով Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը համակարգում է մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը:
Հեռախոս՝ 098 18 63 00:
Պատասխանատու ստորաբաժանում՝ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել վարչության բնապահպանության բաժնի պետ Կամո Թումոյանին՝ 093 21 55 77 հեռախոսահամարով:
Մարտի 23-ին Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում կգործի նաև թեժ գիծ, որին կարող եք ուղղել ձեզ հուզող ցանկացած բնույթի հարց:
Թեժ գծի հեռախոսահամարն է 0223 2 13 73: