Նորություններ
Լրահոս
«Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն Կոտայքի մարզպետարանում
20.03.2019
Մարտի 20-21-ը Կոտայքի մարզպետարանում անցկացվում է շտաբային ուսումնավարժություն:
Այսօր ուսումնավարժության առաջին օրն էր՝ տեսական մասը, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանն ու Վասակ Վարդանյանը, վարչությունների պետեր, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանը, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ-ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա.Դաշյանը:
«Բնական աղետների ու տեխնածին վթարների առաջացման սպառնալիքի ու արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և ՀՀ ՊՆ համագործակցության պլան»ով սահմանված փոխգործակցության շրջանակում անցկացվող ուսումնավարժության նպատակը վերլուծությունն է, մարզի գործողությունների պլանի քննարկումը և հնարավոր երկրաշարժերի պարագայում աշխատանքների ճիշտ և նպատակային իրականացումը:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պլանավորման բաժնի ավագ հրահանգիչ, փոխգնդապետ Մարիամ Մուսայելյանը:
Նա հայտնեց, որ ուժեղ երկրաշարժերի պարագայում ամենակարևոր խնդիրը պետք է տվյալների մշակումը լինի՝ իրավիճակի ճիշտ գնահատում, հետախուզության, առաջնային օգնության և որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպում:
Մարտի 21-ին Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա ուսումնավարժության գործնական փուլը. խաղարկվելու է Գառնիում առավոտյան ժամը 8-ին գրանցված երկրաշարժ, որի մասին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետն ազդարարելու է Կոտայքի մարզպետին: Վերջինիս որոշմամբ էլ ժամը 9.30-ին հրավիրվելու է նիստ՝ իրավիճակին լուծումներ տալու նպատակով: