Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ակունք խոշորացված համայնքում էր

18.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ակունք խոշորացված համայնքում էր. այն իր մեջ ներառում է 8 բնակավայրեր (այդ թվում մարզկենտրոնից ամենամեծ հեռավորության վրա գտնվող բարձր-լեռնային համայնքներ)՝ Նոր Գյուղ, Կոտայք, Ակունք, Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Հատիս, Կապուտան։

Համայնքի ղեկավարի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է մարզային և համայնքային նշանակության մի շարք կարևորագույն հարցերի:

Նա ներկաներին ծանոթացրել է բոլոր այն ներդրումային ծրագրերի ընթացքին, որոնք նախանշված են մարզի այս տարածաշրջանի համար։

Այս տարվա սուբվենցիաներով համաֆինանսավորվելու համար Ակունք համայնքից ստացվել են մի շարք կարևորագույն ծրագրային հայտեր՝ այդ թվում Նոր Գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, Կապուտանի մանկապարտեզի վերակառուցում, Հատիսի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում, Սևաբերդ համայնքի գազաֆիկացում, ինչպես նաև մի շարք ներհամայնքային ճանապարհների բարեկարգում։

Բացառապես համայնքի միջոցներով այս պահին հիմնանորոգվում է Նոր Գյուղի Մշակույթի տան դահլիճը, իսկ Զառի Մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն շուտով։

Մարզպետն Ակունքի համայնքապետարանում հանդիպել է նաև 2 խոշոր ներդրումային ծրագրերի հեղինակներին ու ֆինանսավորողներին։

Ծրագրերից մեկը ներառում է 3 հեռավոր լեռնային համայնքներ՝ Կապուտան, Հատիս և Զովաշեն, իսկ մյուսն առնչվում է բացառապես Սևաբերդում էկոտուրիզմի ոլորտում ընդգրկուն ծրագրի իրականացմանն ու տեխնոլոգիական անասնապահության զարգացման համար նախադրյալներ ստեղծելուն.

«Այս ներդրումային ծրագրի մեկնարկը երկուշաբթի օրվանից տրվելու է, երբ ծրագրի ղեկավարի ներկայացուցիչները կայցելեն համայնք և հողաշինարարների հետ կմեկնարկեն հողահատկացման և շինհրապարակների ընդհանուր պլանավորման ու սահմանազատման աշխատանքները։ Մասնավորապես, Սևաբերդի էկոտուրիզմի և տեխնոլոգիական անասնապահության ներդրումային ծրագիրը բաղկացած է 12 կետերից, որոնք նախատեսված է ամբողջական կյանքի կոչել ընթացիկ տարում»,-այցի շրջանակներում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը վստահեցրել է, որ Կոտայքում՝ «ՀՀ Կառավարություն-ՏԻՄ- մասնավոր տնտեսվարող-Սփյուռքի ներուժ» ձևաչափով փոխգործակցությունը հանգեցնելու է կյանքի որակի էական աճին ամենակարճ ժամկետներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27