Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
15.03.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր:
Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան:
Այս պահին Կոտայքի մարզի համայնքներում համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մարզի համայնքների ղեկավարներին, ուսումնական և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին առաջարկվել է՝ համագործակցելով աշխատանքային խմբի հետ, միջոցներ ձեռնարկել մարտի 23-ի համապետական շաբաթօրյակն արդյունավետ և համակարգված կազմակերպելու համար:
Սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն մարզային և համայնքային ճանապարհների եզրերին, պատմամշակութային հուշարձաների հարակից տարածքներում, համայնքների բանուկ փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և այլն:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համայնքներն իրենց տեղեկատվական աղբյուրներով ակտիվ իրազեկում են շաբաթօրյակի ժամանակացույցի և վայրի մասին:
Համապետական շաբաթօրյակին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համայնքապետարաններ: