Նորություններ
Լրահոս
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման
13.03.2019
Շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ քննարկման կներկայացվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը»:
Նախարարության համար սկզբունքային է առանցքային, կարևոր նախաձեռնությունների, ծրագրերի և փաստաթղթերի հանրային քննարկումը՝ անգամ նախագծման փուլում: Սա նման ձևաչափով անցկացվող հանդիպումներից առաջինն է լինելու:
Նախարարությունը հրավիրում է մտահոգ բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ մասնակցելու, քննարկելու, առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու՝ Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հիմնական խնդիրների և դրանց կարգավորման եղանակների վերաբերյալ:
Հանրային քննարկումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում՝ Թումանյան 26 ա, մարտի 15-ին, ժամը՝ 18:00-ին:
Տարածքը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Եթե հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ են խելամիտ հարմարեցումներ (օրինակ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանչի ներկայություն), խնդրում ենք տեղեկացնել՝ նախապես զանգելով 010 521431 կամ գրելով sona.martirosyan@mlsa.am հասցեին: