Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը նախապատրաստվում է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին
11.03.2019
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Աշխատանքային խումբը ղեկավարում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խմբի աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Օրակարգում համաժողովի ժամանակացույցի և առաջիկա անելիքների հստակ մատնանշումն էր և համակարգումը:
Կոտայքի մարզում համաժողովը նախատեսված է իրականացնել մայիսի երկրորդ տասնօրյակում:
Մարզպետն ընդգծեց, որ համաժողովի հիմքում պետք է լինեն տուրիզմի, տեխնոլոգիական գյուղատնտեսության և ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և ադամանդագործության ոլորտները: Քննարկվեց համաժողովին Կոտայքի մարզում թե՛ գործող ու ընդլայնվող, և թե՛ նոր ներդրումային ծրագրերով հանդես եկող գործարար միջավայրի ներկայացվածությունը, ինչպես նաև մարզի առկա պոտենցիալն ու դրա օգտագործման հնարավորությունները դիտարկելը:
Համաժողովին զուգահեռ տեղի կունենա նաև տեղական արտադրանքի EXPO ցուցադրություն:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է Կոտայքի մարզի տնտեսության մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ներկայացում՝ նպատակ ունենալով տեղում ներդրողներին ներկայացնել շահութաբեր ներդրումային առաջարկներ: Այդ նպատակով մարզում գործող տնտեսվարողները և ներդրումային ծրագրերով հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել աշխատանքային խմբի հետ 0223 2 36 63 հեռախոսահամարով կամ գրել arnakavetisyan.kotayk@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Համաժողովն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը,բիզնես ոլորտում նոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը: