Նորություններ
Լրահոս
Այսօր պաշտոնապես բացվեց Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը
07.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանը, Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և ղբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը, նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների պետեր, համայնքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զարուհի Բաթոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության և տարածքային կառույցների ներկայացուցիչները ծրագրի համակարգող Վահագն Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է սոցիալական ոլորտը՝ որպես խնդիրների լուծման առաջնահերթություն.
«Մեկ վայրում չորս տարբեր սոցիալական ծառայությունների մեկտեղված աշխատանքը էականորեն կնպաստի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Առանձնահատուկ կարևորում եմ քաղաքացիների՝ անձակենտրոն աշխատաոճով սպասարկումը: Կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից պիտի գիտակցի, որ քաղաքացու հետ աշխատելիս ինքը մի ամբողջ պետություն է ներկայացնում»,-իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ շնորհավորելով ներկաներին՝ հայտնել է, որ սա ևս մեկ քայլ է քաղաքացիներին մոտ լինելու, նրանց խնդիրներին արագ լուծումներ տրամադրելու առումով: Նախարարի խոսքով, քաղաքացին պիտի հստակ իմանա, որ այս կենտրոն գալով՝ շատ հեշտ ու արագ պատասխան կստանա.
«Ակնկալում եմ աշխատակիցների և բոլոր պատասխանատուների աջակցությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պիտի օգնեն կառավարությանը, համայնքին՝ քաղաքացիների հոգսը ոչ միայն թեթևացնելու, այլև ապահովելու նրանց զբաղվածության, սոցիալական աջակցության իրավունքները»:
Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ:
Կենտրոնի կազմի մեջ մտնելու են հետևյալ ստորաբաժանումները
• ՀՀ Կոտայքի մարզպետարանի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը,
• ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Հրազդանի տարածքային բաժինը,
• «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Հրազդանի տարածքային բաժինը,
• ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը,
• Միասնական ընդունարանը:
Ծրագիրն ուղղված է համալիր և ինտեգրացված սոցիալական ծառայությունների ստեղծմանը: