Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին
27.02.2019
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով հանրապետության տարածքում 2019 թվականի մարտի 23-ին նախատեսվում է անցկացնել համապետական շաբաթօրյակ:
Նպատակը ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխած աղբահանության դժվարությունների և որպես դրա հետևանք՝ ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավար աղտոտվածության վերացումն է:
Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների նպատակով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ 2019 թվականի հունվարի 30-ին կայացել էր «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են մարզպետարանի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ:
Մարզի համայնքների ղեկավարներին, ուսումնական և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին առաջարկվել է՝ համագործակցելով աշխատանքային խմբի հետ, միջոցներ ձեռնարկել մարտի 23-ի համապետական շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնեցին, որ այս պահին բոլոր համայնքներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, համայնքներն իրենց տեղեկատվական աղբյուրներով ակտիվ իրազեկում են շաբաթօրյակի ժամանակացույցի և վայրի մասին:
Համապետական շաբաթօրյակին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համայնքապետարաններ: