Նորություններ
Լրահոս
Մարզում գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքներն սկսել են. Մհեր Եղիազարյան
06.02.2019
Գյուղատնտեսական տարվա մեկնարկի, գարնանացանի նախապատրաստական աշխատանքների, պարարտանյութի, սերմացուի տրամադրման կարգի և հանրությանը հետաքրքրող գյուղատնտեսական տարբեր հարցերի մասին զրուցել ենք Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հետ:
-Պարոն Եղիազարյան, գյուղատնտեսական տարին ինչպե՞ս եք սկսել: Ի՞նչ քայլեր և միջոցառումներ են իրականացվում այս ուղղությամբ:
-Անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքները գրեթե ավարտել ենք: Հիմա սպասում ենք Ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային վարչության ամփոփ տեղեկագրին:
Մարզպետի հանձնարարությամբ և համապատասխան որոշմամբ՝ բոլոր համայնքների ղեկավարները անասնագլխաքանակի հաշվառման և ամփոփման աշխատանքներին մասնակցում են և իրավիճակի մասին տեղեկատվություն տալիս մեզ, որովհետև դրանից կախված՝ պլանավորվելու են ամբողջ տարվա պատվաստման աշխատանքները, հակահամաճարակային միջոցառումները. պատվաստանյութերի ստացումը, հաշվառումը, ինչպես նաև անասնաբույժերի աշխատանքի գնահատումը, որն արվում է՝ ըստ անասնագլխաքանակի:
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում դաշտավարության, մարզի համայնքների գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ և սերմացու տրամադրելու հետ կապված:
-Արդեն սկսել ենք պարարտանյութի ներկրումը, որն իրականացվելու է շուկայական մրցակցային պայմաններում: Եթե նախկինում որոշակի արժեքով էր տրվում պարարտանյութը, որոշակի սուբսիդիա հատկացնում էր ներկրող կազմակերպությունը, հիմա դա չկա: Մենք պարարտանյութ ներկրող երկու կազմակերպություններից ստացել ենք հայտեր: Մեկ պարկն արժե 6700 դրամ. նախկին տարվա համեմատ 300 դրամով էժանացել է: Տեղափոխումն իրականացվում է բնակիչների հաշվին, բայց մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք նախապես ցուցակագրել և հնարավորության սահմաններում իրականացնել տեղափոխումը:
Գարնանացան գարու, ցորենի, ոլոռի, ոսպի, եգիպտացորենի, կորնգանի սերմացուն տրամադրվելու է նույն գներով: Բոլոր համայնքներին մենք գրություն ենք ուղարկել՝ գներով և այլ մանրամասներով: Մինչև փետրվարի 20-ը ժամկետ ենք սահմանել՝ ցուցակագրումներ անելու նպատակով:
Կարգը հետևյալն է. յուրաքանչյուր համայնք ցուցակագրում է գյուղացիական տնտեսությունների կարիքները՝ նախապես գումարները հավաքագրելով, մուծումներն անելով և հայտը համապատասխան կտրոնների հետ ուղարկելով մարզպետարան: Մենք հավաքագրելու, ամբողջացնելու ենք դրանք և մարզի անունից գրություն ենք ներկայացնելու Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի անհրաժեշտ քանակությունը տրամադրվի մեր մարզին:
-Ինչպիսի՞ն էր գյուղատնտեսական նախորդ տարին, եթե հաշվի առնենք, որ կարկտահարություն եղավ և մի շարք համայնքներ տուժեցին: Այս տարի ի՞նչ քայլեր են նախատեսվում այս կոնտեքստում:
-Գյուղատնտեսական նախորդ տարին առատ էր հատկապես հացահատիկային և պտղատու կուլտուրաների մասով, ինչը չեմ կարող ասել կարտոֆիլի բերքատվության մասին: Հիմա ես հուսով եմ, որ ձյան ծածկույթը շատ կլինի և դաշտերն ուշ կբացվեն, որպեսզի ցրտահարության վտանգ չլինի:
Անցյալ տարի կարկտահարություն եղավ մի քանի համայնքներում: Այժմ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում. ակնկալում ենք այլ գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում ունենալ հնարավոր եղանակային անբարենպաստ պայմանների դեմ պայքարի ավելի համալիր գործիքակազմ: Այս հարցում թիրախային են հատկապես Չարենցավան և Մեղրաձոր խոշորացված համայնքները: