Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա էր Ակունք համայնքի մանկապարտեզի բացմանը
04.02.2019
Կոտայքի մարզի Ակունք համայնքում այսօր տեղի է ունեցել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը:
Հյուրերի շարքում էին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Եպիսկոպոս Քարամյանը, ով օրհնեց շինությունը, այնտեղ հաճախող երեխաներին, ուսումնամանկավարժական կազմին և ծնողներին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ տարածքային կառավարման գերխնդիրը լուսավոր, բարձր որակի կրթական մակարդակ ունեցող դպրոցներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման խնդիրը պետք է լինի նույնատիպ օրինակելի մանկապարտեզների առկայությունը: «Յուրաքանչյուր համայնք պետք է պարտադիր ունենա մանկապարտեզ, և ի լուր ձեզ՝ ուզում եմ հայտնել, որ շատ շուտով մենք պատրաստվում ենք կազմել համապատասխան ծրագրեր՝ մարզի 4 այլ համայնքներում ևս մանկապարտեզներ կառուցելու և մի շարք դեպքերում չօգտագործվող մասնաշենքերի հիմնանորոգման համար»,- իր խոսքում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը մանկապարտեզի առկայությունը կարևորեց՝ որպես շատ լուրջ ձեռքբերում, որը չնայած բազմաթիվ խոչընդոտների, իրականություն դարձավ և հնարավորություն կտա համայնքի նախադպրոցական տարիքի բազմաթիվ երեխաների կրթվել և դաստիարակվել լուսավոր և բարեկարգ մանկապարտեզում:
Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և ընդգրկման ծավալներին:
Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաները նորակառույց մանկապարտեզում իրենց առաջին կարճատև ելույթն ունեցան: