Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Խորհրդակցություն՝ մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ

31.01.2019

Հրազդան քաղաքում այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է մարզային ենթակայության դպրոցների տնօրենների հետ և քննարկել ընթացիկ մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էին նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ Կարեն Հունանյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետի ժ/պ Գրիգոր Գուլյանը:

Օրակարգային հարցերից մեկի շուրջ զեկույց ներկայացրեց փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը՝ ամփոփելով 2018-2019 թ.թ. ուսումնական տարում իրականացված աշխատանքները, համակարգային փոփոխությունները, ինչպես նաև մի քանի խնդիրների լուծման համար սահմանվեց նախնական ժամանակացույց:

2-րդ զեկույցը ներկայացրեց Կարեն Հունանյանը՝ ներկայացնելով ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից արված ստուգումների արդյունքները և ընդգծելով առավել ընդհանրական խնդիրները:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք այս ամիսների ընթացքում վեր են հանվել: Կան բազմաթիվ լուծված հարցեր, սակայն դրանց շարքում տեղ ունեն նաև այնպիսիք, որոնց համար առավել տևական ժամանակ ու լրացուցիչ աշխատանք է պահանջվում:

Հաշվի առնելով մարզպետարանի մասնակցային և ներառական կառավարման ձևը՝ մարզպետը մատնանշել է 3 հիմնական խնդիրներ, որոնք լինելու են մարզային իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում:  Առաջինը վերաբերվում է ուսուցիչների՝ աշակերտների բարոյահոգեբանական զարգացման վրա բացասաբար անդրադարձող վարքին, որի վերաբերյալ վերջին շրջանում կան կոնկրետ դժգոհություններ, գրավոր բողոքներ և նույնիսկ հարուցված վարույթ: «Ուզում եմ, որ բոլորի համար հստակ լինի. ես օրենսդրության սահմանում ձեռնարկելու եմ բոլոր միջոցները, որ դպրոցներում երեխաներին պիտակավորող, հարվածող, հոգեբանական ճնշումների ենթարկող ցանկացած մեկը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Ճնշումների ենթարկվող երեխաները ամենախոցելի ընտանիքներից են, ինչն արդեն դրական չի կարող անդրադառնալ նրանց կյանքի որակի վրա, իսկ դպրոցում փոխարենն այս խնդիրն առավելագույնս համահարթեցվի, դեռ մի բան էլ ընդգծվում է որոշ անբարեխիղճ ուսուցիչների քամահրական վերաբերմունքով: Իմացե՛ք, որ ես ուշի-ուշով հետևելու եմ դպրոցներում տիրող իրավիճակին և խստագույնս հակադարձելու եմ դրանց».- տնօրեններին ուղղված խոսքում ասել է Ռ. Պետրոսյանը:

Մարզպետն անդրադարձել է նաև ծնողական կոմիտեների գործունեությանը, որը շատ դեպքերում վերածվում է «ինքնագործունեության»՝ խնդիրներ ստեղծելով նույնիսկ տնօրենների համար: Տնօրեններին հանձնարարվել է սահմանափակել այս կոմիտեների լիազորությունները՝ թույլ չտալով վերջիններիս միջամտել դպրոցի բնականոն աշխատանքին:

Մեկ այլ հանձնարարականով՝ վաղվանից մարզային ենթակայության ոչ մի դպրոցում կրկնուսույցի կամ որևէ այլ վճարովի ծառայություն չի մատուցվի: «Եթե ուսուցիչը դասաժամը չի կարողանում օպտիմալ օգտագործել՝ անհրաժեշտ գիտելիքներն աշակերտներին փոխանցելու համար, ապա դա իր թերացումն է, և հենց դա պետք է շտկվի: Մեզ համար անընդունելի է կրկնուսուցման դրդելու ցանկացած փորձ»,- ասաց Ռ. Պետրոսյանը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև տնօրեններին հուզող մի շարք հարցեր, որպիսին էր նաև նախկինում տրված արտոնությունների բացառում, ինչի պատճառով տնօրենների խոսքով՝ ներկայում խնդիրներ են ունենում:

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, չհամաձայնելով հնչեցված տեսակետների հետ, ընդգծեց. «Երբ դպրոցների տնօրեններին որոշակի շրջանակներում տրվում են ազատություններ, շատ հաճախ դրանք ոչ թե դպրոցի շահի կամ կրթության որակի վրա են անդրադառնում, այլ վերածվում են ինքնագործունեության և տալիս ոչ ցանկալի արդյունքներ: Այս պատճառով մենք մասնավոր դեպքերը առանձին կքննարկենք, բայց լիազորությունների շրջանակի ընդլայնումից խուսափելու ենք»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28