Նորություններ
Լրահոս
Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին արդեն սպասարկում են շտապօգնության 2-ական բրիգադներ
25.01.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոսել է շտապ բժշկական օգնության ծառայությունների որակի մասին՝ այն համարելով կարևորագույն խնդիր՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք բրիգադներով: Կենտրոնների ղեկավար անձնակազմերը հավաստիացնում են, որ սա նաև աշխատանքի որակի լուրջ փոփոխությունների և դրական տեղաշարժերի է հանգեցնում:
Մարզպետը, սակայն, խնդիրը այսքանով կարգավորված չի համարում. հարցը նաև առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է, և ուղիներ են փնտրում Չարենցավանի և Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ներում նույնպես գոնե մեկական բրիգադներ ավելացնելու համար:
«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ շտապ բժշկական օգնությունն ԱՆՎՃԱՐ է, և այսօր արդեն յուրաքանչյուր բժշկական կենտրոնում կա ԱՊՊԱ գործակալի պարտավորությունները ստանձնած աշխատակից, ով վթարներից տուժած քաղաքացիներին տեղում տրամադրում է մասնագիտական աջակցություն: Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացին (անկախ փաստից՝ շտապօգնության մեքենայով, թե այլ կերպ է հասել հիվանդանոց) ազատված է որևէ ծառայության համար վճարելու պարտավորությունից, իսկ հետագայում՝ ապահովագրական ընկերությունից գումարը հետ ստանալու գործընթացներից: Բժշկական կենտրոններն իրենք կկարգավորեն հարաբերությունները ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:
Առողջության առաջնային պահպանությունը ռազմավարական խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնալու ենք այս խնդիրը լուծելու ճանապարհով»,-ասել է մարզպետը: