Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը լուրջ մշակման կարիք ունի. Գրիգոր Գուլյան

25.01.2019

Գրիգոր Գուլյանը 2018 թ-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատարն է: Վերջինիս հետ զրուցել ենք մոտ 6 ամսվա պաշտոնավարման ընթացքում մարզպետարանի՝ ֆինանսական ոլորտում վարած քաղաքականության, պետական բյուջեից մարզին և մարզի համայնքներին վերաբերող հատկացումների սխեմայի արդյունավետության, ֆինանսատնտեսագիտական գործունեության և այլ հարցերի մասին:

- Արդեն մի քանի ամիս է պաշտոնավարում եք մարզպետարանում, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդյունավետ կառավարության տարածքային քաղաքականությունը, մասնավորապես, ֆինանսական ոլորտում:

- ՀՀ կառավարության քաղաքականության՝ ֆինանսական ոլորտում արդյունավետության ուղիղ գնահատականը տալու փոխարեն, կցանկանայի խոսել կառավարության կողմից նախաձեռնված աշխատանքների մասին: 2018 թվականի 2-րդ կիսամյակում մարզի թվով տասներկու համայնքներում (Առինջ, Բյուրեղավան, Գեղաշեն, Մեղրաձոր, Քասախ, Կամարիս, Ջրվեժ, Նոր Երզնկա, Հրազդան, Քանաքեռավան, Արամուս, Նոր Արտամետ) իրականացվել են շուրջ երկու տասնյակ սուբվենցիոն ծրագրեր: Այդ ծրագրերն իրականացնելու նպատակով պետական բյուջեից վերոգրյալ համայնքներին հատկացվել է 213,345.0 հազար դրամ: Ըստ ինձ, այս ցուցանիշի ձեռք բերումն, այն էլ կարճ ժամանակահատվածում, կարելի է համարել արդյունավետ, սակայն հաշվետու տարում փորձելու ենք այս ուղղությամբ ունենալ զգալի դրական աճ, ինչը կխոսի նաև կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին:

- Պետական բյուջեից մարզին և մարզի համայնքներին վերաբերող հատկացումների սխեմայի արդյունավետության ուղղությամբ մշակվե՞լ են արդյոք առաջարկություններ կամ կա՞ն դիտողություններ, այդ թվում նաև հատկացված միջոցների տնօրինման և նպատակային օգտագործման վերաբերյալ:

- Մարզպետարանի ենթակա կազմակերպությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Այդ ֆինանսավորման սխեմաները մշակվել են համապատասխան նախարարությունների կողմից: Իմ կարծիքով, օրինակ, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը ըստ աշակերտների թվի լուրջ մշակման կարիք ունի:
Օրինակ, մարզի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսական միջոցները չեն բավարարում անգամ իրենց պահպանման ծախսերը հոգալու համար: Բայց չէ՞ որ բացի ապարատի պահպանման ծախսերից, կան նաև այլ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, անգամ չեն կարողանում ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացնել կամ անհրաժեշտ գույք ձեռք բերել:
Ինչ վերաբերվում է մարզային կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցների տնօրինմանը, ապա այն կարգավորվում է համապատասխան օրենքներով, իսկ այդ միջոցների օգտագործման նպատակայնությունը մենք ամբողջությամբ վերահսկում ենք:

- Նախորդ տարվա ընթացքում մարզի համայնքներում ձեր գործառույթների շրջանակներում իրականացված ֆինանսական հսկողության արդյունքում ի՞նչ խախտումներ են արձանագրվել և ի՞նչ լուծումներ են իրականացվել:

- 2018 թվականին մարզի մի շարք համայնքներում իրականացվել են մասնագիտական հսկողություններ, որոնց արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ ընդհուպ կոպիտ խախտումներ՝ չպահպանելով գործող օրենքների պահանջները:
Ֆինանսական հսկողության արդյունքում պարզվել է, որ շատ համայնքներում խախտվել են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների և մի շարք իրավական ակտերի պահանջները: Կան համայնքներ, որտեղ հողի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների նկատմամբ սահմանված կարգով հաշվառում չի տարվում, կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր՝ աղբահանության վճարների գանձման մասով, չեն կնքվել, մինչդեռ տվյալ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է աղբահանության վճար: Ուսումնասիրելով համայնքների գույքահարկի և հողի հարկի բազաները ու դրանց գանձումները՝ արձանագրվել են, որ համայնքի տարեկան բյուջեն թերպլանավորված է եղել:
Համայնքներում համայնքի բնակիչներին սոց.օգնությունները տրամադրվել են առանց համայնքի ավագանու որոշման՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջը: Հսկողության ընթացքում մի քանի համայնքներում արձանագրվել է, որ իրենց ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվները, տարիֆիկացիոն ցուցակները տվյալ համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ չեն հաստատվել, դա անթույլատրելի է:
 Մի շարք համայնքներում իրականացված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, որոնք իրենց հերթին պետք է անցնեին փորձաքննություն, կամ այդ աշխատանքներն իրականացվել են առանց մրցույթների՝ չպահպանելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները. սա կոպիտ խախտում է:
Արձանագրվել են նաև հաշվապահական հաշվառման մեջ հոդվածային ձևակերպման խախտումներ՝ չպահպանելով դրանց նպատակայնությունը, դրամարկղի գրքի թերություններով վարումը, համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների գույքագրումները՝ չպահպանելով դրանց անցկացման կարգը:
Կարելի է շատ թվարկել, խախտումները բազմատեսակ են, դրանց մի մասը տեղում պարզաբանվել են, սահմանվել են թերությունների վերացման ժամկետներ: Կան քրեորեն պատժելի արարքներ, դրանց մասով տրվել է համապատասխան իրավական ընթացք:
 Կարևոր է ընդգծել, սակայն, որ այսուհետ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացները մենք վերահսկում ենք և առավելագույնս բացառում խախտումները՝ պահպանելով օրինականությունը, կարգն ու կանոնը իրականացված ցանկացած աշխատանքում: Սա, անշուշտ, պետք է հիմք դառնա նաև տեսանելի դրական փոփոխությունների համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18