Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի խաղահրապարակ

21.01.2019

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը: Ավելին՝ այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ:
 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Արտավազ  համայնքի Փյունիկ գյուղում գտնվող դպրոցի շենքը՝ հարակից շինություններով և հողատարածքով, հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, իսկ Կոտայքի նախկին մարզպետը հանձն էր առնում երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
 Փյունիկի միջնակարգ դպրոցի փակման գործընթացը պետք է մեկնարկեր 2018 թվականի հունիսի 1-ից, սակայն նոր Կառավարության ձևավորումից հետո՝ 2018 թվականի հունիսի 1-ի N628-Ա որոշմամբ՝ Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը, ինչի արդյունքում Փյունիկի միջնակարգ դպրոցը շարունակում է իր բնականոն գործունեությունը մինչ օրս:
 Կոտայքի մարզպետարանում ունեցած մի շարք քննարկումների արդյունքում օրերս պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի կողմից այս դպրոցին հատկացնել մոտ 5 միլիոն դրամ՝ տանիքի և սանհանգույցի վերանորոգման և բակում ժամանակին որպես ֆուտբոլի խաղադաշտ ծառայած հողատարածքում խաղահրապարակ կառուցելու համար:
Հարկ է նշել, որ համայնքում մանկական խաղահրապարակ առհասարակ չկա, ինչի մասին համայնքի բնակիչները ևս պարբերաբար բարձրաձայնել են, ուստի խնդիրն առանձնահատուկ կարևորություն ուներ և՛ դպրոցի, և՛ համայնքի համար:
 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե արդեն բազմիցս հայտարարել է, որ այսուհետ որևէ դպրոց որևէ պաշտոնյայի կամայական հայեցողությամբ չի կարող փակվել, դրանք պետք է վերականգնվեն, նորոգվեն և աշակերտներին ապահովեն ոչ միայն բարձր որակի կրթությամբ, այլև ապահովեն կրթության համար նպաստավոր միջավայր և պայմաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16