Նորություններ
Լրահոս
Միջհամայնքային և ներմարզային երթուղիներն ուսումնասիրելու նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել
18.01.2019
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով մարզպետարանում այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ՝ միջհամայնքային և ներմարզային երթուղիները ուսումնասիրելու, երթուղիների քարտեզը պատրաստելու, հնարավոր փոփոխություններն ու ակնկալվող նոր իրավիճակն առավել տեսանելի ձևով քննարկելու նպատակով:
Մատնանշելով քաղաքացիներից ստացված բազմաթիվ դժգոհությունները՝ մարզպետն ընդգծել է, որ տեղային ու ժամանակավոր լուծումներն անարդյունավետ են, քանի դեռ չկա համակարգային մոտեցում, քանզի մեկ համայնքում խնդիրը կարող է կարգավորվել, երկրորդում այն կմնա, և սա կլինի պարբերական, փակ շրջապտույտ, որը լուրջ և տեսանելի արդյունքների չի հանգեցնի:
Խումբը պարտավորված է ուսումնասիրությունների հիման վրա հանդես գալ առաջարկություններով, որոնք կքննարկվեն երթուղիները շահագործող տնտեսվարողների հետ կայանալիք հանդիպման ընթացքում:
Ռոմանոս Պետրոսյանի հավաստմամբ, արդյունքում արմատական փոփոխությունների գնալու ճանապարհային քարտեզ կլինի, որը հնարավորություն կտա մարզում հնարավորինս կարճ ժամկետում օրինակելի երթուղային ցանց ունենալ:
«Կոտայքի մարզի քաղաքացիների համար ուզում եմ հստակ լինի, որ որևէ օբյեկտիվ դժգոհություն իմ տեսադաշտից դուրս չի կարող մնալ. տարբեր խնդիրների կարգավորման համար կարող է անհրաժեշտ լինել մի քանի օր կամ ամիսներ, բայց մենք հետևողական ենք դրանց բացահայտմանն ու լուծմանը»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը: