Նորություններ
Լրահոս
Շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր Կոտայքի մարզում
14.01.2019
6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ներդրողների հետ՝ իր հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։
Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով Կոտայքի մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։
Մարզպետը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և, իհարկե, աշխատատեղերի ստեղծման։
Հանքավան գյուղում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առողջարանա-հյուրանոցային համալիրի ստեղծման ծրագրին Ռոմանոս Պետրոսյանը հավանություն տվեց՝ համարելով այն լավագույններից՝ աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի նվազագույն շեմի և այլ ծրագրային կետերի առումով։
Համալիրը կառուցելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ըստ տարիների՝
2019թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար,
2020թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար
2021թ․ - 4 միլիոն ԱՄՆ դոլար։
Միայն 2019 թ․ ծրագրով նախատեսվում է ստեղծել 180-200 ուղիղ աշխատատեղեր, իսկ անուղղակի աշխատատեղերի թիվը մինչև 2021 թվականը հասցնել 750-ի։ Ներկայում նախահաշվային և նախագծային աշխատանքներն ու հողհատկացման գործընթացներն արդեն մեկնարկել են։
Այս պահին բանակցության տարբեր փուլերում գտնվող մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրեր կան, որոնց մեկնարկը մարզում զգալի դրական տեղաշարժեր և նոր ռեսուրսների ներհոսք կապահովի։