Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան

08.01.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված  նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան:
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը բարձրացնելու վերաբերյալ:
 Կառավարությունը հավանության է արժանացրել նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` Կառավարությանը վերապահելով այդ չափը սահմանելու իրավասությունը:
 Նշված օրենսդրական փոփոխությունների նպատակը՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:
Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանել պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափին հավասար` 25500 ՀՀ դրամ։
 Աշխատանքային կենսաթոշակների` աղքատության գծի կանխատեսվող չափից ցածր կենսաթոշակների չափերը կվերանայվեն նվազագույն կենսաթոշակի չափը սահմանող օրենքի ընդունումից հետո:
 Անկախ օրենքն ընդունվելու ժամկետից` ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները կավելանան 2019թ. հունվարի 1-ից` օրենքն ընդունվելու դեպքում 2019թ. հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ամիսներին վճարված ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն և կվճարվեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36