Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի ուղերձը զորակոչիկներին
08.01.2019
Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Նաիրիի բաժանմունքում այսօր զորակոչային հավաք է: 28 զորակոչիկներ Եղվարդ քաղաքից կուղևորվեն ՀՀ և ԱՀ զորամասեր՝ իրենց զինվորական ծառայությունը մատուցելու հայրենիքին և պահպանելու սահմանների ամրությունն առաջնագծում:
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է եղել հավաքին և ողջունել նորակոչիկներին: Մինչ այդ մարզպետը զորակոչիկներին նաև ուղերձ էր հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ զորակոչիկներ,
Իմ ողջույնն եմ հղում ձեզ՝ որպես երիտասարդների, ովքեր հպարտ ժպիտով և բարձր ոգեշնչմամբ պետք է ստանձնեն հայկական երկու հանրապետությունների համար զինվորական ծառայության անցնելու պարտավորությունը:
Ձեզ բախտ է վիճակվել այդ ծառայությունը մատուցել նոր իրողություններում, որտեղ մենք բոլորս հավասար ենք իրավունքներով, և մեր շահերը ստորադասված են օրենքից: Իմ խորին համոզմամբ՝ կյանքի յուրաքանչյուր շրջափուլում մենք բոլորս որոշակի ծառայություն մատուցելու խնդիր ունենք՝ հանուն մեր պետականության և սահմանների ամրության, բայց եթե այսօր պետական այրերի աշխատանքն անուղղակի է ամրացնում այդ սահմանները, ապա դուք հենց այն հզոր երաշխիքն եք, որը հակառակորդին զերծ է պահելու ուղղակի սպառնալիքի ցանկացած դրսևորումից:
Եկող ամիսների ընթացքում մենք կլինենք ձեր կողքին մեր հստակ պետականաշինական քայլերով, կանենք հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ձեր թիկունքում դուք զգաք ու տեսնեք հզոր պետություն և մեկ գաղափարի շուրջ միավորված ուժեղ հանրություն:
Լավագույնն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին, իսկ բանակին՝ ավելի կայուն հիմքեր և հզորացման բեկումնային շրջան»: