Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
31.12.2018
Կոտայքի մարզի իմ անչա՛փ սիրելի քաղաքացիներ,
Ամփոփում ենք շատերիս կյանքում ամենաբուռն, ամենատարբերվող և ամենաՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ տարին: Միօրինակ շնորհավորական ուղերձներն այս օրերին անելիք չունեն, քանի որ եղած իրադարձությունները յուրաքանչյուրիս մտապատկերում ունեն տարբերվող դրսևորումներ, և մեր ակնկալիքները Նոր Տարում գուցե էապես տարբեր լինեն:
Ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մենք համատեղ ջանքերով ու մեծ նվիրումով կարողացանք հիմք դնել փոփոխությունների մի շրջափուլի համար, որը պետք է կրի անդադար ու շարունակական բնույթ, քանի դեռ Պետությունն իր ողջ ներուժով չի ապահովում իր Քաղաքացու անվտանգ ու բարեկեցիկ կենսագործունեությունը և քանի դեռ չենք թևակոխել կայուն զարգացման այլևս անբեկանելի շրջափուլ։
Ինչ խոսք, ինձ և իմ քաղաքական գործընկերներին բախտ է վիճակվել ստանձնել երկրի կառավարումն ամենաբարդ իրավիճակներից մեկում, և ես վստահ եմ՝ առանց լայն հանրության աջակցության մենք դժվարությամբ կհաջողենք:
Սիրելինե՛րս, Էտալոնային Կոտայք ունենալու տեսլականը, որը մենք որդեգրել ենք, ուզում եմ, որ կիսենք բոլորս, որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ ի վիճակի լինենք վերափոխվել և մեր փորձն ու գիտելիքը կարողանանք ծառայեցնել հանրային ու պետական շահին:
Իմ պատկերացրած ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ իր իրավունքները ճանաչող և պարտավորությունները շատ հստակ գիտակցող ԱՆՀԱՏՆ է, ում համար բոլոր գործողությունների հիմքում օրենսդրությունն է և ոչ երբեք հանուն սեփական շահի՝ այն շրջանցելու մեխանիզմները:
Սիրելի՛ կոտայքցիներ, 2019 թվականը մեր քաղաքական թիմով Կոտայքում հռչակում ենք ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ տարի. ես համոզված եմ, որ յուրաքանչյուր գործում ցանկալի արդյունքին հնարավոր է հասնել միայն եթե կա գաղափար և այն կյանքի կոչելու նվիրում, որի շուրջ կհամախմբվեն անհատները, իսկ մենք այսօր ունենք այդ կապօղակն ու 2019-ին էլ ավելի վստահությամբ մեր քայլերը պետք է ուղղենք դեպի մեր գերնպատակը՝ ունենալու Երջանիկ անհատ, Հոգատար հանրություն և Հզոր պետություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ու թող միայն սերն ու ժպիտը թևածեն մեր երկրում ու Կոտայքի բոլոր ընտանիքներում: