Նորություններ
Լրահոս
Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել շինարարական նորմերի և հողային օրենսդրության շուրջ 90 խախտումներ
21.12.2018
2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են եղել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մի շարք պաշտոնյաներ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել շինարարական նորմերի և հողային օրենսդրության շուրջ 90 խախտումներ: Մասնավորապես.
➡️ Նշված համայնքներում կան ապօրինի կառուցապատումներ համայնքային հողերի վրա,
➡️ Գործող և դեռևս չշահագործվող հասարակական շինություններ (ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) և բնակելի տներ՝ կառուցված գյուղատնտեսական նշանակության հողերի վրա,
➡️ Շահագործվող կամ կառուցապատման փուլում գտնվող շքեղ առանձնատներ, որոնք նախագծվել և շինարարական թույլտվություններ են ստացել որպես սառնարաններ և/կամ չորանոցներ,
➡️ Եվ ևս 36 ինքնակամ կառուցապատված տարածքներ, որոնց հետևանքով համայնքի գլխավոր հատակագիծը ենթակա է փոփոխման:
Կոտայքի մարզպետը հիշեցնում է, որ ապօրինի ցանկացած կառուցապատում կամ հողային օրենսգրքի խախտում, որի արդյունքում վնաս է հասցվել մարզի համայնքներից որևէ մեկին (տեղական հարկերն ու տուրքերը վճարելու պարտավորություններից խուսափելու կամ դրանց չափն էականորեն նվազեցնելու համար), արժանանալու է սաստող մեխանիզմների հակադարձմանն, ու իրականացվելու են օրինականության հաստատմանն ուղղված հստակ քայլեր:
Ելնելով վերոգրյալից՝ նշված 7 համայնքներում իրականացվելու են հետևյալ քայլերը.
➡️ Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի՝ որպես վերոնշյալ գործընթացների՝ օրենսդրությանն ու շինարարական նորմերին համապատասխանությունը վերահսկող պատասխանատու պաշտոնյաներ (սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով):
➡️ Մարզում սկսվելու է ապօրինի շենք-շինությունների օրինականացման գործընթաց, որի արդյունքում տվյալ համայնքների բյուջեներ մուտք կարվեն զգալի ֆինանսական միջոցներ, որոնք մյուս տարի կուղղվեն զարգացման ծրագրերին, կրթական-մշակութային հաստատությունների վերանորոգումներին և համայնքային նշանակության բազմապիսի խնդիրների լուծմանը:
➡️ Չի բացառվում նաև, որ կլինեն դեպքեր, երբ օրինականության հաստատման ճանապարհին ստիպված կապամոնտաժվեն որոշ կառույցներ կամ օրենքով սահմանված կարգով կհանձնվեն համայնքների տնօրինմանը:
Մարզպետի հորդորը համայնքների ղեկավարներին այս առումով ևս մնում է նույնը. գործել բացառապես օրենսդրության և իրավական նորմերի սահմաններում, կասեցնել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ հաշվի առնելով մարզպետարանի՝ որպես վերահսկող մարմնի հետևողականությունն այս հարցում: Իսկ կառուցապատողների համար հետայսու պետք է հստակ լինի, որ հետագայում օրինականացնելու նպատակով անօրինական կառուցապատման փորձերն այլևս դուրս չեն մնալու մարզպետարանի տեսադաշտից: