Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի երեք դպրոցներ կներառվեն սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում
14.12.2018
Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 2 հիմնական, Աբովյանի թիվ 2 հիմնական և Կամարիսի միջնակարգ դպրոցները կներառվեն Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրում:
Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում քննարկվեց ծրագիրը հաստատելու մասին N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որի արդյունքում այս 3 դպրոցները միացան ծրագրին:
Աշխատանքային խմբի կողմից ՀՀ բոլոր մարզերում ուսումնասիրության արդյունքներով ընտրվել են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցները՝ հաշվի առնելով շենք-շինությունների տեխնիկական վիճակը և աշակերտների թվաքանակը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սեյսմիկ անվտանգության տեսակետից առաջնահերթ կարգով բարելավման անհրաժեշտություն ունեցող՝ հանրապետությունում առկա թվով 26 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում` համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների:
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակի ավելացում 10626-ով: