Նորություններ
Լրահոս
Նոյեմբերի 23-ին մարզպետն անակնկալ այցելել է մի քանի բուժհիմնարկներ
23.11.2018
Նախապես պլանավորված այցերի ընթացքում բարդ է հասկանալ՝ արդյոք տվյալ հաստատությունը մի՞շտ է պահպանում աշխատանքային կարգուկանոնը, թե՞ ոչ: Իրավիճակը հստակ գնահատելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անակնկալ այցերը մարզպետարանի ենթակայության կառույցներ շարունակական են. Նոյեմբերի 23-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում էր:
Մարզպետը տնօրեն Նորայր Միքայելյանի հետ խոսել է ծննդատան ծախսերի օպտիմալացման, որակի բարելավման, տարածքի բարեկարգման, նրա առաջարկով՝ նաև որոշ վճարովի ծառայություններ անվճար դարձնելու խնդիրների շուրջ:
Ռոմանոս Պետրոսյանը փաստեց, որ ծննդատանն աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով. առավոտյան աշխատակազմը քննարկում էր ընթացիկ և բուժհաստատության աշխատանքային ընդհանուր սկզբունքներին առնչվող հարցեր: Գործերի կազմակերպման ձևաչափն ու արդյունավետությունն այս բուժհաստատությունում ներկա փուլում մարզպետը դրական գնահատեց: Իսկ անելիք՝ իհարկե շատ կա:
___________________________
Պետական վերահսկողությամբ գործող առողջապահական կառույցներում առկա իրավիճակն առավել արդյունավետ գնահատելու համար մարզպետը կարևոր է համարում նաև խորությամբ ուսումնասիրել մասնավոր կառույցների աշխատանքները:
Այս նպատակով Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 23-ին այցելեց Աբովյանի «Իննովա կլինիկ» բժշկական կենտրոն, «Յունիմեդ» ախտորոշիչ կլինիկա և «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոն: Աշխատանքային պայմաններին, լաբորատոր հզորություններին ծանոթանալուց հետո մարզպետը բովանդակալից զրույց ունեցավ նաև այս կենտրոնների ղեկավարների և աշխատակազմերի հետ:
«Հանդիպման արդյունքում՝ կարող եմ ասել, որ առողջապահական կազմակերպությունների պետական և մասնավոր հատվածները փոխլրացնում են մեկը մյուսին: Կոմերցիոն նպատակներից ելնելով՝ այս կենտրոններն, անշուշտ, պետք է նախապատվություն տան լավագույն մասնագետների ներգրավմանը, և ի ուրախություն մարզի բնակիչների՝ պետք է նկատել, որ նրանցից շատերը հենց մարզային բուժհաստատություններում համատեղությամբ աշխատող մասնագետներ են»,-ասաց մարզպետը՝ դա դիտարկելով որպես դրական ցուցիչ նաև պետական վերահսկողությամբ գործող բժշկական կառույցների համար:
Անմիջական հանդիպումներն ու քննարկումներն աշխատանքային գործընթացում ունեն բարձր արդյունավետություն, և մարզպետը վստահաբար շարունակելու է պահպանել այս գործելաոճը՝ գրանցված դրական տեղաշարժերը պահպանելու համար: